38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայերեն ատաղձն ընդամենը 1870 բառ է

Հայերեն ատաղձն ընդամենը 1870 բառ է
11.02.2014 | 11:48

Վերջերս լրացավ վրաց քաղաքական-հասարակական գործիչ, նշանավոր արձակագիր ու բանաստեղծ, գիտնական, բառարանագիր, ինչու չէ, նաև հայագետ Սուլխան Սաբա Օրբելիանու ծննդյան 355-ամյակը (1658-1725 թթ.):
Լինելով վերազնվական գերդաստանի ներկայացուցիչ, նա քաղաքական իր գործունեությամբ, ինչպես նաև գեղարվեստական արձակով ու պոեզիայով և, հատկապես «Հնարանքի իմաստությունը» ստեղծագործությամբ, ձաղկում ու քննադատության է ենթարկում վրաց Բագրատունյաց արքայատոհմի ու երկրի ավատատիրական բարքերն ու ողջ համակարգը:
Ի դեպ, հետաքրքրականը ոչ թե նրա հայկական արմատներն են, որ ակնհայտորեն հառնում են թեկուզև ազգանունից, այլ կարևոր մեկ այլ հանգամանք: Վրաց իրականության մեջ նա առաջինն էր, որ ձեռնամուխ եղավ, թեև հարևանցիորեն, հայ բառուբանին:
Վերը նշվեց, որ նա ինչ-որ տեղ, ինչ-որ չափով հայագետ է: Բանն այն է, որ նրա անվան հետ է կապվում հայերեն-վրացերեն առաջին բառարանի ստեղծումը:
Որպես բառարանագիր, Օրբելիանին հանդես է գալիս վրաց առաջին, գիտականորեն մշակված, համաբարբառով և երեսնամյա քրտնաջան աշխատանքի արդյունք հանդիսացող, 1716 թ. հրատարակած «Վրաց բառերի ծաղկաքաղ կամ լեքսիկոն» կոչված, վրացական չափանիշներով դարակազմիկ բառարանով: Այն նաև բառգիրք է` այսպես կոչված` «Սիտղվիս կոնա», վրացերեն` բացատրական բառարան, ավելի ճիշտ, 12-րդ դարից սկիզբն առած ու 18-րդ դարում արդեն կազմավորված նոր վրացերենի բառարան` քսանհինգ հազար բառացանկով:
Բառարանագիր Սուլխան Սաբա Օրբելիանու կարծիքով՝ բառարանները միայն լավագույն բառամթերք-բառապաշարը չպետք է արտահայտեն. միայն լավ բառապաշարով լեզուն կաղքատացնենք: Այս միտքը, ինչպես նշում է վրացի ականավոր լեզվաբան Առնոլդ Չիկոբավան, Սուլխանի բառարանը ոչ թե բացառապես վրացերեն գրական կամ գրավոր լեզվի, այլ ընդհանրապես վրացերենի բառարան է` կենդանի լավ ու վատ բառամթերքով:
Սա վրացական բառարանագրության զարդն է, սակայն մեզ հետաքրքրում է նրա մաս կազմող հայ-վրացերենը: Այս միակ հայ-վրացերեն բառարանում հայերեն բառամթերքը ներկայացվել է վրացերեն տառադարձությամբ` Թիֆլիսի բարբառով:
Հայտնի է, որ միայն Պարույր Մուրադյանը («Բանբեր Մատենադարանի» հանդես, 1960 թ., թիվ 5) և պրոֆ. Գուրգեն Սևակը (անտիպ) զբաղվել են վերոնշյալ բառարանի ուսումնասիրությամբ, այնուամենայնիվ, հայ լեզվաբանությունը դեռևս պատշաճ ուշադրության չի արժանացրել դրան, թեև հարևան այս լեզուների փոխադարձ բառարանները մեծ թիվ չեն կազմում, ընդամենը վեցն են: Մինչ օրս այս երկու լեզուների միմյանց առնչվող բառարաններից երեքը պահվում են Թբիլիսիի պետական կենտրոնական արխիվում, որոնցից մեկը, ըստ Իլյա Աբուլաձեի, կազմվել է ձվելի սոմխուրիի (հին հայերենի` գրաբարի) հիման վրա, իսկ երկրորդը, նրա իսկ ձեռամբ արտագրված, այն ժամանակվա Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան գրադարանում էր, մյուսն էլ Քութայիսում:
Ընդամենը վեց բառարան: Սակայն այս վեցյակի զարդը, ինչպես նշվեց, Սուլխան Սաբա Օրբելիանու բառարան-ստեղծագործությունն է, որի հայերեն ատաղձն ընդամենը 1870 բառ է:


Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 13468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ